Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուռահմանովը խիստ քննադատության է ենթարկել Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի այն հայտարարությունը, որով վերջինս կողմ է արտահայտվել Հյուսիսային Կովկասի բնակիչներին միգրացիան Կուբան սահմանափակելու, եւ այդ նպատակով «կազակական ոստիկանության» ստեղծման օգտին։

Չեչնիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Կուբանը չերքեզներին եւ ադըղներին է պատկանել։ Նա Տկաչովի թեզիսները անվանել է «ներազգային անջատողականության նախաբան»։

«Իմ խորին համոզմամբ, Ա. Տկաչովը մեծ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, թե ամեն կերպ կխոչընդոտի կովկասցիների միգրացիային Կրասնոդարի մարզ»,- հայտարարել է Աբդուռահմանովը՝ նշելով, որ կովկասցիները ներգաղթյալ չեն իրենց իսկ սեփական հողի վրա, այլ դրա լիարժեք քաղաքացիներն են։

«Նման հայտարարությունը ոչ միայն հակասում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը, որում հստակ գրված է բոլոր ազգերի համար հավասար իրավունքների եւ ցանկացած վայրում ապրելու իրավունքի մասին, այլեւ այն ուղիղ վիրավորանք է Կովկասի բոլոր ժողովուրդների հասցեին, որոնք դարերով ապրում են իրենց տարածքներում, այդ թվում՝ Կրասնոդարի մարզում, որը հանդիսանում է չերքեզների ու ադըղների պատմական հողը (այլ խոսքով՝ պատկանում է կովկասցիներին). Ավելին, առանց ուռճացման, նման հայտարարությունները՝ երկրի փլուզման ուղիղ ահազանգ, դանդաղ գործող ական են, որ կարող են պայթել ամեն վայրկյան»,- հայտարարել է չեչեն խոսնակը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ միգրացիայի դեմ պայքարելու համար կազակների դրուժինաների ստեղծումը, դա «կազակների եւ կովկասցիներին բացահայտ հրահրող գործողություն է»։

Իր հայտարարության մեջ Չեչնիայի խորհրդարանի խոսնակը համոզմունք է հայտնել, որ նահանգապետ Տկաչովի հայտարարությունը «Կրիմսկում տեղի ունեցած ողբերգության արդյունքում իր սեփական անհաջողություններից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է»։  

«Ցանկանում եմ ընդգծել, որ Կուբանի բոլոր չարիքները կովկասցիների վրա բարդելու Տկաչովի անհաջող փորձը, խոսում է այն մասին, որ նա փաստացի ճանաչում էր իր անգործունակությունը, այսինքն՝ վկայում է, որ նա ի վիճակի չէ տարածաշրջանում եղած խնդիրները լուծել օրինական ճանապարհով»,- ասել է խոսնակը։