Հալեպի հայկական թաղամասում այժմ հարաբերական խաղաղ վիճակ է հաստատվել։ Այս մասին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը։ Ըստ նրա՝ բախումները, որ սկսվել էին օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում եւ ավարտվել առավոտյան 9-ին, արդեն դադարել են։
«Հայկական թաղամասում կան ոստիկանությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը պատկանող շենքեր, ինչպես նաեւ ռազմական հենակետեր, որոնց դեմ էլ ուղղված էր հարձակումը»,- ասաց աղբյուրը՝ ավելացնելով, որ հարձակման հետեւանքով զոհվել են 2 հայ եւ 3 արաբ քրիստոնյաներ։
«Մահացել է Վիգեն Գալաջյանը, իսկ մյուսը ով վիրավոր էր, ցավոք անունը չենք կարողացել ճշտել, քիչ առաջ մահացավ»,- նշեց աղբյուրը՝ նկատելով, որ հարձակումը քրիստոնյաների դեմ ուղղված չէ, այլ պարզապես թաղամասն է քրիստոնեական, իսկ զոհերն ու վիրավորները պատահականության զոհ են դարձել։
«Թաղամասում եղած հենակետերը տների մերձակայքում են գտնվում։ Բնականաբար գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության տներն էլ են տուժում»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ոք տանից դուրս չի գալիս։




























