Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է մի շարք լրատվամիջոցների` Սիրիայում ռուս գեներալի մահվան մասին տարածած լուրը:
«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»,-Ռիա Նովոստիին հայտնել է ռուսական դեսպանատան ներկայացուցիչը: Դիվանագետը միեւնույն ժամանակ հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:
Իր հերթին ռուսական պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ ռուսական բանակում Կոջիեւ ազգանվամբ կամ նմանատիպ ազգանվամբ գեներալ չկա: «Ռուսական բանակում Կոջիեւ ազգանվամբ կամ մոտ ազգանվամբ գեներալ չկա` ոչ հնչեղությամբ, ոչ գրությամբ»,-հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նա ավելացրել է, որ եթե գեներալի սպանության լուրը ճիշտ լինի, ապա ամենայն հավանականությամբ խոսքը կգնա թոշակառու գեներալի կամ ԽՍՀՄ նախկին բանակի ներկայացուցչի մասին, որոնց սովորաբար «ռուս» են անվանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 8-ին «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱՀ) հայտարարությունը, հայտնել էր, որ մարտիկները ռուս գեներալ են սպանել, ով Սիրիայում աշխատում էր իբրեւ պաշտպանության նախարարի եւ երկրի գլխավոր շտաբի պետի խորհրդական: Հաղորդագրության մեջ նշվում է գեներալի անվան մի քանի տարբերակներ` Վլադիմիր Պետրովիչ Կոջաիվ (Kojaiv),Կոջայ (Kojai), որպես ապացույց` հեռուստաընկերությունը ցուցադրել է սպանված գեներալի անձը հաստատող փաստաթուղթը:
Սիրիական աազատ բանակի հայտարարությունը հայտնվել է այն բանից հետո, երբ լրտավամիջոցները լուրեր են տարածել այն մասին, ըստ որի սիրիական կառավարական զորքերը Հալեպում բռնել են Սաուդիան Արաբիայի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների յոթ սպաների: Լրատվամիջոցների տեղեկատվությամբ նրանք զինյալ խմբավորումների գործողությունները համակարգել են քաղաքում, որտեղ արդեն երեք շաբաթ մարտեր են ընթանում: Հայտնի է դարձել բռնված սպաների անունները:




























