Պերմում հայ եւ տաջիկ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Աղբյուրի տվյալներով` կռիվը, որին մոտ 30 մարդ է մասնակցել, տեղի է ունեցել անցնող գիշեր Վասիլեւի փողոցում: Ոստիկանությանն այդ մասին հայտնել է իր ծանոթի հետ մեքենայով այդտեղով անցնող մի կին:

Ինչպես  նշում է թերթը, կենցաղային վեճի պատճառ է դարձել հայ աղջկա հասցեին տաջիկներից մեկի վիրավորական արտահայտությունը: Խոսքակռիվն արագ վերաճել է ծեծկռտուքի: Կողմերից յուրաքանչյուրը կանչել է ընկերների, բարեկամների: Գործի են դրվել մահակներ, բեյսբոլի մականներ: Որոշ տվյալներով` պնեւմատիկ ատրճանակից մեկ կրակոց է հնչել:  Ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել կռվի 44 մասնակիցներ: Այժմ ճշտվում են կռվի հանգամանքները: Հինգ տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել: