Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը վտսահ է, որ ապագայում Օսիան կմիավորվի Ռուսաստանի կազմում : Այս մասին նա հայտնել է ՌԲԿ daily թերթի հետ հարցազրույցում:
2008 թ-ին վրացական բանակի իրականացրած «Մաքուր դաշտ» ռազմական գործողությունները Լ. Տիբիլովը անվանել է օս ժողովրդին ոչնչացնող պատերազմ: Նրա խոսքով, այժմ հանրապետությունում վրացիները եւ օսերը ապրում են համերաշխ, առանց խնդիրների, սակայն Վրաստանի իշխանությունների հետ Հարավային Օսիան «ոչ մի հարաբերություն չունի եւ չի կարող ունենալ»:
«Անհրաժեշտ է, որպեսզի վրացական կողմը փաստաթուղթ ստորագրի առ այն, որ այլեւս ուժ չի կիրառի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանդեպ: Արդեն չորս տարի է մենք խոսում ենք այդ մասին, բայց նրանք չեն ցանկանում ստորագրել»,-նշել է հանրապետության ղեկավարը:
Հարավային Օսիայի նախագահը ընդունել է, որ երկիրը իր բյուջեն ամբողջովին ինքնուրույն չի ձեւավորում, այլ Ռուսաստանի օգնությամբ: Նա հույս ունի, որ հարավային Օսան կկարողանա մոտակա 1,5 տարվա ընթացքում կառուցել իր տնտեսությունը:




























