Վրաստանը ձգտում է հարաբերությունները կարգավորել աբխազ եւ օս ժողովուրդների հետ եւ տարաձայնությունները հարթելու պատրաստակամություն է հայտնում: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հատուկ հայտարարությունում` կապված օգոստոսյան պատերազմի չորրորդ տարելիցի հետ:
«2008թ. պատերազմից հետո Վրաստանի կառավարությունը «ներգրավման ռազմավարություն» որդեգրեց, որի գլխավոր նպատակը գրավյալ տարածքների ներկայացուցիչների հետ հարաբերությունները վերականգնելն ու նրանց համար տնտեսական եւ սոցիալական զարգացման պայմաններ ստեղծելն էր: Այդ ռազմավարության իրագործման ճանապարհով մենք բարեկամական ձեռք ենք մեկնում աբխազ եւ օս հայրենակիցներին», -ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում պատրաստակամություն է հայտնվում «մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի գրավման գծով եւ «բեռլինյան պատով» տարանջատված ժողովուրդը կրկին միասին լինի եւ վերականգնի վստահությունը», - գրում է «Նովոստի Գռուզիան»:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ նշում է, որ չնայած 2008թ. ագրեսիային, Վրաստանը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ»:
ԱԳՆ-ն հիշեցնում է, որ «Վրաստանը բազմիցս Ռուսաստանի հետ բոլոր հարցերի մասին ցանկացած մակարդակով բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել, բայց, ցավոք, Ռուսաստանի կողմից ի պատասխան կառուցողական քայլեր ձեռնարկելու փորձ չի նկատվում»:




























