Ռուսաստանի նախկին վարչապետ, Արտաքին գործերի նախկին նախարար Եվգենի Պրիմակովը չի բացառում Իսրայելի հնարավոր հարվածը` Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ: Այս մասին նա հայտնել է «Ռոսիսկայա գազետայի» հետ հարցազրույցում:

Պրիմակովի կարծիքով` ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Իրանին հասցվելիք հարվածը տեղի ունենա նախագահական ընտրություններից առաջ, այդ պատճառով կանգնեցնում է Իսրայելին: Սակայն եւ Իսրայելի կառավարության մեջ, եւ ԱՄՆ-ի պետական գերատեսչություններում «տեղ են գտել բազմաթիվ տեսակետներ, դժվար է հիմա ասել, թե ով կհաղթի»,- նշել է նախկին վարչապետը:

Պրիմակովը Իրանին հասցվելիք հարվածը վտանգավոր է համարում ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի համար, «այն դեպքում, որ օդային հարվածների արդյունքները, իսկ ցամաքայինի մասին խոսք չկա, կարող են աննշան լինել»:

«Երկու տարի հետո Իրանն ամբողջովին ուշքի կգա, ցուցադրաբար դուրս կգա «Զանգվածային ոչնչացման զենք» չկիրառելու պայմանագրից եւ հենց այդ ժամանակ էլ անպայման կստեղծի զանգվածային ոչնչացման իր զենքը».-ասել է քաղաքագետը:

Պրիմակովը զերծ է մնացել Պաղեստինի շուրջ կանխատեսումներ անելուց: Նրա կարծիքով շատ բան կախված կլինի այն բանից, թե ով կդառնա ԱՄՆ-ի նոր նախագահ: «Եթե մնա Օբաման, ապա կարծում եմ, հնարավոր են դրական տեղաշարժեր»,-ընդգծել է ԱԳՆ-ի նախկին ղեկավարը: