Ղարաբաղում Հարավային Օսիայի սցենարի կրկնության փորձը կործանիչ կլինի Ադրբեջանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով  4 տարի առաջ` 2008 թ-ին օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտության արդյունքում Հարավային Կովկասում ուժերի վերադասավորմանը:

Պատերազմի արդյունքները փոխել են շրջանի ողջ ճարտարապետությունը, այդ թվում եւ ինքնորոշված  եւ ինքնորոշման ձգտող պետական միավորումների համար.«Բայց Ղարաբաղը միշտ տարբերվել է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դեռեւս պատերազմից առաջ, այն իմաստով, որ նրա ինքնորոշման համար ներկայացված պահանջները միշտ էլ ավելի ուժեղ են եղել` անգամ հաշվի չառնելով ռուս-վրացական պատերազմը »,-ավելացրել է Ռ.Կիրակոսյանը:

Ըստ նրա, հակամարտությունից քաղած ամենանշանակալից հետեւությունը` Ադրբեջանի դասն է. «Ղարաբաղյան հակամարտության հարցի համար ռազմական  լուծում չի կարող լինել»:

«Եւ նման փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Նրանք կավարտվեն Ադրբեջանի պարտությամբ եւ ղարաբաղյան հարցի վերջնական լուծմամբ: Քանի որ ագրեսիայի դեպքում հարցն առանց բողոքարկման հնարավորության կլուծվի հօգուտ հայկական կողմի»,- ավելացրել է փորձագետը: