Curiosity մարսագնացի հատուկ կայմին տեղադրված գլխավոր նավիգացիոն տեսախցիկը ֆիքսել է Մարսի լանդշաֆտի առաջին տեսարանները:

NASA-ի կայքում տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարի  վրա երեւում են Գեյլ խառնարանի եզրային  լեռները, մարսագնացի հատվածներ, լուսանկարներից մեկի վրա երեւում է սարքի ստվերը:

Մարսագնացի Navcam նավիգացիոն տեսախցիկը տեղադրված է մարսագնացի ամենահզոր տեսախցիկի` երկու մետր բարձրության վրա գտնվող  երկու մեգապիքսելային Mastcam տեսախցիկի մոտ` հատուկ կայմի վրա: Navcam-ն ունի  երկու տեսախցիկ, որոնք ունակ են ստանալ լանդշաֆտի ստերեոսկոպիկ պատկերները: Դրանց հնարավորությունները թույլ են տալիս տեսնել 25 մետր հեռավորության վրա գտնվող 2 սանտրիմետրանոց օբյեկտներ:

Ներկայումս գիտնականներն արդեն ստացել են RAD ճառագայթային դետեկտորի տվյալները, ինչպես նաեւ սկսել են աշխատել մարսագնացի` իսպանացի գիտնականների ստեղծած REMS մետեոկայանի համակարգի հետ:

Բացի այդ MRO (Mars Reconnaissance Orbiter) զոնդը լուսանկարել է մարսագնացի վայրէջքի վայրը. լուսանկարի վրա երեւում է ջերմային վահանը, պարաշյուտը, իջեցնող սարքի վերին պահպանիչ փականը, «երկնային կռունկը» եւ ինքը` ապարատը:

Հիշեցնենք, որ NASA-ի Curiosity մարսագնացը օգոստոսի 6-ին հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի հարավային կիսագնդում գտնվող Գեյլի խառնարանում: Այժմ մասնագետները ուսումնասիրում են ապարատի  համակարգը եւ գիտական սարքերը: Ինչպես սպասվում է, ապարատը մոլորակի վրա կաշխատի ամենաքիչը մեկ մարսյան տարի` 686 օր: