2012թ. սկզբից Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում կորուստները հասել են 60-ի: Ինչպես փոխանցում է SalamNews-ը, այդ մասին հաղորդվում է Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տեղեկատվությունում:
Նշվում է, որ անցած ժամանակահատվածում 59 մարդ վիրավորվել է: Նույն ընթացքում մարտերում զոհվել են 12 մարդ, երկուսը պայթել են ականի վրա, մեկը գործողության ընթացքում, 45-ը` այլ հանգամանքներում: Վեց մարդ զոհվել է դժբախտ դեպքերի արդյունքում` հոսանքի հարված, գազից թունավորում, ջրահեղձում, ընկնել, 6-ը`վթարներից, 5-ը` անզգուշության հետեւանքով, 7-ը` հիվանդության, 8-ը` անզիջում հարաբերությունների:
12 մարդ ինքնասպանություն է գործել (կրակելու, կախվելու միջոցով): Զոհվածներից 54-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 4-ը` սահմանային պետական ծառայության, մեկը` ռազմաօդային ուժերի, մեկը` ԱԱՆ-ի:
Միաժամանակ, Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիեւը լրագրողներին հայտնել է, որ զինանձնակազմի շրջանում ինքնասպանությունների թվի աճի մասին տեղեկատվությունը որեւէ հիմք չունի: «Օրինակ, ընթացիկ տարվա 6 ամսում նախորդ տարվա համեմատ թիվը կրճատվել է ավելի քան 10 տոկոսով»:
Պատասխանելով բանակում «դեդովշինայի» փաստերի մասին հարցին` Վելիեւը նշել է, որ նման փաստեր կան. «Դրա պատճառը որոշ դեպքորում կապված է հոգեբանական լարված իրավիճակի հետ»:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, դժբախտ դեպքերի եւ ինքնասպանությունների հետեւանքով ադրբեջանական բանակը 5 զինվոր է կորցրել:




























