Ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են արտասահմանյան ներդրումների գրեթե կեսը: Այս մասին օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր երախտագիտությունն է հայտնել հայ գործընկերոջը` Սերժ Սարգսյանին` երկրում ռուսական ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Հայաստանի կառավարությունը ավանդաբար աջակցում է մեր ներդրումներին եւ, այլ ներդրումների համեմատ, ոչ միայն ավելի վատ դրության մեջ չի դնում, այլ ցուցաբերում է մշտական վարչական ուղեկցություն եւ աջակցություն»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին բարձրացել է 11,9 տոկոսով եւ կազմել է ավելի քան 1,1 միլիարդ դոլար: Հայաստանից Ռուսաստան կատարված արտահանման ծավալները կազմել են 222,7 միլիոն` նշված ժամանակահատվածում, 2010 թ-ի ցուցանիշների համեմատ, բարձրանալով 38,8 տոկոսով: Ռուսական ապրանքանիշերի Հայաստան ներկրումը նշված ժամանակահատվածում կազմել է ավելի քան 891,7 միլիոն ` բարձրանալով 6,8 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի տարածքից իրականացված ներկրումը կազմել է 687,1 միլիոն (13,9 տոկոս աճ):




























