Սիրիայում պատերազմի թատերաբեմ դարձած Հալեպ քաղաքը լքած ՄԱԿ-ի դիտորդները պատրաստ են վերադառնալ քաղաք, երբ պայմանները թույլ կտան արդյունավետորեն շարունակել աշխատանքները:

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն: Մեկնաբանելով դիտորդների հեռացումը Հալեպից` նա հայտնել է. «Սա ժամանակավոր տեղաբաշխում է: Դիտորդները կվերադառնան, հենց որ պայմանները թույլ կտան շարունակել աշխատանքը»,-ասել է նա: Նեսիրկեն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության անձնակազմը զինված չէ, եւ անհրաժեշտության դեպքում չի կարող պաշտպանել իրեն:

Հալեպում տիրող իրավիճակը չի խանգարել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) իրականացմանը, որն այնտեղ է ուղարկել 28 հազար մարդու համար նախատեսված հումանիտար օգնություն:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է քաղաքում հնարավոր եղել իրականացնել  Համաշխարհային պարենային ծրագիրը, իսկ դիտորդականը`ոչ, Մարտին Նեսիրկեն հայտնել է, որ դա կապված է աշխատանքի յուրահատկության հետ. «Ինչպես գիտեք, ՄԱԿ-ի ՀՊԾ-ն աշխատում է տեղացի գործընկերների հետ եւ նրա առաքելության մեջ մտնում է միայն բեռնափոխադրումները` առանց գիշերակացի»,-պարզաբանել է նա, հայտնում է «Վեստի.ru»-ն: