Վրաստանի կողմից ագրեսիայի պարագայում Ռուսաստանը ռազմական գործողությունների ծրագիր ուներ, եւ դա գաղտնիք չէ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

«Գլխավոր շտաբը ծրագիրը նախապատրաստել էր մոտավորապես 2006թ. վերջին կամ 2007-ի սկզբին: Ես դա հաստատել էի, ինձ հետ համաձայնեցվել էր: Բացի այդ, այդ ծրագրի շրջանակում անցկացվում էր նաեւ հարավօսական զինյալների պատրաստումը: Ճիշտ է, մեր ռազմագետները, անկեղծ ասեմ, կարծում էին, որ դա քիչ թե շատ անօգուտ գործ է` հաշվի առնելով այն, որ ցանկացած պետության, անգամ` ոչ մեծ պետության, ինչպիսին Վրաստանն է, կանոնավոր բանակին դիմակայելն անհնար է: Այնուամենայնիվ, պարզվեց, որ այդ մարդիկ առնականորեն պաշտպանեցին հայրենիքը: Եւ երեք օր, մինչեւ մեր բանակի ժամանումը, նրանք եւ մեր խաղաղարարները զսպեցին վրացական խմբավորումների ալիքը: Այդ պատճառով նրանք իրենց դերն ունեցան: Այդ ծրագրի շրջանակում մոբիլիզացվեց տեխնիկան եւ այլն, եւ այլն: Այնպես որ, այստեղ  գաղտնիք չկա: Այդ մասին արդեն խոսել ենք», - ասաց Վ. Պուտինը:

Պատասխանելով հարցին` արդյոք 2008թ. օգոստոսի 8-ին զանգահարել է Պեկինից, որտեղ այդ ժամանակ գտնվում էր աշխատանքային այցով, Ռուսաստանի նախագահը ասել է, որ «երկու անգամ զանգահարել է եւ  Դմիտրի Անատոլեւիչին`ամսի 7-ին եւ 8-ին, եւ պաշտպանության նախարարին»:  «Մենք քննարկել ենք այդ խնդիրը», - ասել է նա:

Օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում, պաշտոնական տվյաներով, Վրաստանը 412 մարդու կորուստ է գրանցել, նրանցից 170-ը` ուժային կառույցների ներկայացուցիչներ եւ զինծառայողներ, մնացածը` խաղաղ բնակչություն: Ռուսական բանակից 67 մարդ էր զոհվել:

Ռազմական գործողությունների արդյունքում Ռուսաստանը օգոստոսի 26-ին հայտարարեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին: