Վրաստանը ազատ եւ միասնական կլինի, եւ Ռուսաստանը երբեք ի կարող հաղթել նրան։ Այս մասին օգոստոսի 7-ին Գորիում Դավիթ Ագմաշենբելիի անվան ազգային պաշտպանության ակադեմիայում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին։
«Մենք գիտենք, թե Կրեմլը 2008թ. օգոստոսի 7-ին ինչպիսի նպատակ ուներ, եւ թե ինչու էր Ռուսաստանը օգոստոսի 7-ին պատրաստվում մի քանի տարի շարունակ։ Դա Թբիլիսիի գրավումն էր եւ Վրաստանի քաղաքականության 180 աստիճանով փոփոխությունը; Ինչպես 1921թ. Կրեմլում այս անգամ էլ սպասում էին հանդիսավոր ուղերձին, որ Թբիլիսիի վրա ռուսական դրոշ է ծածանվում»,- ասել է Սահակաշվիլին։
Սահակաշվիլին ընդգծել է, որ այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել գրավել ամբողջ Վրաստանը։ «Ռուսաստանի առաջին նպատակն էր իշխանափոխությունը Վրաստանում, ժողովրդավարական կարգի փոփոխությունը եւ ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը։ Նրանք դա չկարողացան իրականացնել. Վրաստանում այժմ էլ նույն իշխանությունն է, այսինքն՝ Ռուսաստանը հաղթող կողմը չէ։ Ագրեսոր եւ օկուպանտ է, բայց՝ ոչ հաղթող կողմ»,- ասել է Սահակաշվիլին՝ նշելով, որ երկրորդ նպատակը «Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակության ոչնչացումն էր, որին եւս նա չկարողացավ հասնել»։
«Երրորդ նպատակը ռազմավարական էր։ Ցանկանում էին կանխել մեր ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Սա նույնպես չկարողացան, եւ հակառակը, մենք ավելի մոտ ենք այսօր Եվրոպային, քան նախկինում, եւ ինչպես հայտարարվել է ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթաժողովում՝ 2014թ. Վրաստանը կլինի առաջին թեկնածուներից մեկը»,- նշել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Ռուսաստանումեւս փոփոխություններ տեղի կունենան, եւ այդ ժամանակ մեկընդմիշտ հօդս կցնդեն ԽՍՀՄ վերածնունդի Ռուսաստանի նկրտումները։
«Մենք կարող ենք հարաբերություններ հաստատել այնպիսի Ռուսաստանի հետ, որը կհրաժարվի իմպերիալիստական ֆանտազիաներից եւ որը կսկսի ժողովրդավարական երկիր կառուցել; Այդպիսի Ռուսաստանի հետ մենք կգտնեն փոխհամաձայնություն, բայց երբեք չենք գնա դրան մեր երկրի անկախության եւ ամբողջականության հաշվին»,- ասել է Վրաստանի նախագահը։




























