Ռուս գեներալ Վլադիմիր Կուժեեւը անձամբ է հերքել այն լուրերը, թե իբր իրեն սպանել են Սիրիայում՝ ընդդիմության զորքերը։ Կուժեեւը հարցազրույց է տվել լրագրողներին եւ հայտարարել. «Ցանկանում եմ ասել, որ ես՝ պահեստազորի գեներալ-մայոր Վլադիմիր Կուժեեւս, ողջ եւ առողջ եմ, եւ ապրում եմ Մոսկվայում, իմ մոտ ամեն ինչ լավ է։ Շատ մտահոգ եմ եւ վրդովված, որ իմ մահվան մասին լուրեր են տարածվում, որը անհանգստացրել է իմ հարազատներին եւ ազգականներին, ընկերներիս եւ կոլեգաներիս, ովքեր զանգահարում են ինձ, եւ ճշտում իմ որպիսությունը»,- ասել է գեներալը՝ ավելացնելով, որ արդեն կես օր է, ինչ իր հեռախոսին անընդհատ զանգեր են գալիս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 8-ին Al Arabiya հեռուստաալիքը «Սիրիական ազատ բանակի» հայտարարությանը հղումով տեղեկացրել էր, թե գրոհայինները սպանել են ռուս գեներալի, ով իբր Սիրիայի պաշտպանության նախարարությունում խորհրդական էր աշխատում։ տեղեկատվության մեջ նշված էր իբր մահացած ռուս սպայի ազգանվան գրության երկու ձեւ՝ Kojai եւ Kojaiv։ Որպես ապացույց հեռուստաալիքը ցուցադրել է արաբատառ անձը հաստատող փաստաթուղթ։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ ՌԴ ԶՈՒ-ում նման ազգանունով գեներալ պարզապես գոյություն չկա։
Տեղեկությունը հերքել էր նաեւ Դամասկոսում ՌԴ դեսպանատունը։




























