Բրիտանական հիմնադրամներն ու մասնավոր անձինք հավաքել են 7,83 մլն ֆունտ ստերլինգ, որ հետ գնեն Էդուարդ Մանեի վրձնած Ֆաննի Կլաուսի դիմանկարը:
Կտավը վաճառվել էր 28,35 մլն ֆունտ ստերլինգով անհայտ օտարերկրացու եւ պետք է լքեր Մեծ Բրիտանիայի սահմանները: Սակայն մշակույթի նախարար Էդ Վայզնին մինչեւ օգոստոսի 7-ն արգելք էր դրել տեղափոխման վրա` դրա բացառիկ մշակութային արժեքի պատճառով եւ Էշմոլին թանգարանին առաջարկվել էր գնել կտավը, հաղորդում է BBC-ն:
Մտահղացման իրականացման համար հանգանակություն էր կատարվել, 5,9 մլն վճարել էր Heritage Lottery Fund-ը, 850 հազար` The Art Fund-ը, մնացած 1,08 միլիոնը` տարբեր ընկերություններ եւ մասնավոր անձինք:
Այսպիսով, Ֆաննի Կլաուսի դիմանկարը, որ գնվել էր 1884թ. եւ բերվել Մեծ Բրիտանիա, կմնա այնտեղ:




























