Ֆրանսիայում բնակվող հալեպահայ, «Հայաստան» ասոցիացիայի նախագահ, Բուր լե Վալանսի մունիցիպալ խորհրդական Գրիգոր Ամիրզայանը չի թաքցնում «ոչ իր տխրությունը, ոչ իր անհանգստությունը կապված այն իրադարձություւնների հետ, որոնք ներկայումս պառակտում են Սիրիան» եւ հատկապես իր հայրենի քաղաքը` Հալեպը,  որը նրա ընտանիքը  լքել է 1966թ-ին եւ տեղափոխվել Վալանս` փրկվելով «քաղաքական անկայունությունից եւ արաբա-իսրայելական պատերազմից», գրում է  ֆրանսիական  «Le Dauphiné Libéré» պարբերականը:

«Այսօր Վալանսում մոտ 600 հայկական ընտանիքներ կան Սիրիայից եւ հիմնականում Հալեպից:  Այդ բազմամշակույթ եւ բազմաէթնիկ քաղաքը քրիստոնեական եւ մահմեդական տարբեր համայնքների համակեցության հանգրվան է եղել»,-կարոտով է հիշում Ամիրզայանը: «Այսօր մենք սրտի կսկիծով ենք հետեւում այն ողբերգությանը, որն ընդմիշտ կմնա այդ քաղաքի հիշողության մեջ»:

Գրիգոր Ամիրզայանը մտահոգված է Հալեպի հայ համայնքի ճակատագրով, որը նորից պետք է բռնի արտագաղթի ճանապարհը. «Այդ համայնքի ավելի քան 6000 անդամներ արդեն ժամանակավոր կամ մշտական բնակություն են գտել Հայաստանում: Հալեպ-Երեւան չվերթներն ստիպված կրկնակի ավելացրել են թռիչքները: Ինչ է լինելու Սիրիայում  վաղն այդ հայերի եւ քրիստոնյաների հետ, եթե Ասադի ռեժիմն ընկնի: Ես վախենում եմ վատթարագույնից: Քանի որ մեր աչքի առջեւ իրաքահայերի ճակատագիրն է, որոնց կեսին ավելին  հեռացան, ինչպես նաեւ իրանահայերի ճակատագիրը` շահի անկումից հետո»,-նշեց հալեպահայը:

«Սակայն մենք դեռ հույս ունենք, որ կողմերի միջեւ բանակցությունների միջոցով խաղաղությունը կարող է թուլացնել լարվածությունը եւ իշխանության համար պայքարը: Քանի որ այսօր Սիրիայի ողջ ժողովուրդն է այդ բռնության զոհը դարձել»,-ամփոփեց Ամիրզայանը: