Հին հայկական առեւտրային նավերի նմանությամբ պատրաստված «Կիլիկիա» նավը մասնակցել  է  Սեւանա լճում կազմակերպված ժամանակակից էքստերմալ սպորտի «Հայէքստրիմ -2012» փառատոնին:

Դայվերների ակումբում հավաքված փառատոնի մասնակիցներն անհամբերությամբ էին սպասում ոչ սովորական նավի հանդես գալուն, որը դարձել է նաեւ հայկական ծովագնացության խորհրդանիշ:

Առագաստանավի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն դրսեւորեցին երկու հոլանդացի զբոսաշրջիկներ, որոնց նավապետ Կարեն Բալայանը պատմեց 2004-2006թթ. նավագնացության մասին` երթուղին ցույց տալով այն նույն քարտեզի վրա, որով առաջնորդվել էին նավարկության ժամանակ:

Այնուհետեւ հյուրերն ու լրագրողները Սեւանի վրա փոքրիկ զբոսանք կատարեցին «Կիլիկիայով»:

«Հայէքստրիմ -2012»  փառատոնը կազմակերպվել է «Հայէքստրիմ» ակումբի նախաձեռնությամբ` Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: