Հայաստանի քաղաքացիական ակտիվ հանրույթին զայրացրել է այսօր հրապարակված մի նամակ, որտեղ մի խումբ մտավորականներ կոչ են անում Ռուբեն Հայրապետյանին տեղի չտալ Վահե Ավետյանի մահվան շահարկումներին եւ վայր չդնել մանդատը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանի պարագայում կարծես թե ավելի ու ավելի ռեալ է դառնում մի վիճակ, երբ նա կարող է մանդատը վայր դնելու մասին որոշումը չեղյալ համարել եւ հետ վերցնել իր դիմումը, քանի դեռ այն չի հնչել ԱԺ նիստում: Իսկ ինչպես հայտնի է, այդ դիմումը չի հնչել, որովհետեւ հերթական նիստը սեպտեմբերին է, իսկ արտահերթ նիստ հրավիրելու հասարակական պահանջը տապալվեց, որովհետեւ դրան չմիացավ ԲՀԿ-ն: Եվ հիմա, երբ մենք ականատես ենք լինում Ռուբեն Հայրապետյանին ուղղված նման նամակին, եւ սրանով, ըստ էության, բացահայտվում է մի պլան B, որով Հայրապետյանը կարող է մանդատը վայր չդնել, նաեւ պարզ է դառնում, որ Բարգավաճ Հայաստանը, արտահերթ նիստի ստորագրահավաքը տապալելով, ըստ էության, մասնակցում էր հենց այս պլան B-ին
Այսպիսով, հասարակության անունից հանդես եկող ԲՀԿ-ն իրականում խաղաց հասարակության դեմ՝ Ռուբեն Հայրապետյանի «թիմից»: Եվ այս պայմաններում, ըստ էության, կարելի է ասել, որ առաջին նամակ գրողը եղել է ԲՀԿ-ն, նոր հետո միայն այս մտավորականները: Բանն այն է, որ տապալելով ստորագրահավաքը` Բարգավաճ Հայաստանը նրանց է տվել նամակի թուղթն ու գրիչը, իսկ հետո որեւէ մեկն էլ թելադրել է նաեւ բովանդակությունը:
Ի դեպ, զարմանալ պետք չի լինի, եթե հանկարծ պարզվի, որ բովանդակությունն էլ Հայ ազգային կոնգրեսն է թելադրել՝ ԲՀԿ-ի ամենանվիրված գործընկերը, որը ստորագրահավաքի տապալումից հետո այդպես էլ պատասխանատվության ոչ մի հարց չդրեց Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության առաջ, եւ, ավելին, նույնիսկ սկսեց անուղղակիորեն արդարացումներ փնտրել ԲՀԿ-ի համար ստեղծված իրավիճակում: Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պահեցին ու պահում են Ռուբեն Հայրապետյանին Ազգային ժողովում, իսկ այսպես ասած մտավորականների նամակը ընդամենը շղարշ է առաջին հերթին հենց նրանց համար, եթե իհարկե հասարակությունը չստիպի բոլորին դեն նետել այդ շղարշն ու խաղալ իր կանոններով, ոչ թե «քաղաքագիտական» կամ «շախմատային» կանոններով իրեն խաղացնել»,- գրում է «Ժամանակը»:




























