Չինաստանում «Հայքուեյ» թայֆունը անցել է Շանհայով, Չժեցզյան նահանգով եւ առաջ է շարժվում դեպի արեւմուտք:
Իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են շուրջ երկու միլիոն մարդու: Օգոստոսի 7-ին Շանհայում եւ Չժեցզյանում հայտարարվել էր վտանգի ամենաբարձր մակարդակը` կարմիր: Հաղորդագրություններ են ստացվել 3 զոհերի եւ 7 վիրավորների մասին: Ավերվել է ավելի քան 4.4 հազար տուն:
Տեղի օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Քամու ուժեղ հոսանքները պոկել են էլեկտրականության մալուխները: Շանհայական փողոցներում եւ այգիներում տապալվել է ավելի քան 30 հազար ծառ:
Արեւելյան Չինաստանին «Հայքուեյ» թայֆունը հասցրել է 10 միլիարդ յուանի (1,6 միլիարդ դոլար) վնաս, հայտնում է «vesti.ru»-ն:
Օգոստոսի 9-ին «Հայքուեյ» թայֆունը թուլացել է: Այն շարունակում է վտանգավոր մնալ Անհոյ նահանգի համար: «Հայքուեյ» թայֆունը Չինաստանի արեւելքում վերջին շաբաթվա ընթացքում վրա հասած երրորդ թայֆունն էր:











