Եգիպտոսում Սինայի ահաբեկչությունը հանգեցրել է կադրային զանգվածային փոփոխությունների: Նախագահ Մուհամեդ Մուրսին աշխատանքից հեռացրել է Հյուսիսային Սինայի նահանգապետին եւ հետախուզության ղեկավարին:

Պաշտոնանկ են արվել նաեւ նախագահական գվարդիայի հրամանատարը եւ անվտանգության մի շարք բարձրաստիճան սպաներ: Մուրսին խոստացել է Սինայի թերակղզում կրկին վերականգնել լիակատար վերահսկողությունը, գրում է rbc-ն:

Կադրային փոփոխությունները հաջորդեցին օգոստոսի 5-ին Սինայի սահմանային անցակետի վրա հարձակմանը, որի ընթացքում ահաբեկիչները 16 սահմանապահի էին սպանել եւ ներխուժել Իսրայելի տարածք, որտեղ էլ ոչնչացվել էին տեղի զինված ուժերի կողմից:

Օգոստոսի 8-ի գիշերը նոր հարձակում էր տեղի ունեցել: Ալ Արիշ քաղաքի շրջակայքում անհայտ անձինք կրակել էին Գազայի եւ Իսրայելի սահմանից 50կմ հեռու գտնվող տարածքում, եգիպտացիները օդից հրթիռային հարված էին հասցրել, արդյունքում 20 ծայրահեղականներ ոչնչացվել էին:

Անցակետի վրա հարձակումը տարածաշրջանում 29-րդ ահաբեկչությունն էր 2011թ. փետրվարին Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Վարչակարգի տապակլումից հետո Սինայում աշխուժացան իսլամական ծայրահեղական խմբավորումները, սակայն մինչ օրս նրանք սահմանափակվում էին Իսրայել տանող խողովակատարների պայթեցմամբ: