Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն: Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացան նախ առաձնազրույցի, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, բարի գալուստ մաղթելով Էդվարդ Նալբանդյանին, Ինդոնեզիայի ԱԳ նախարարը նշեց, որ իր համար ուրախալի է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարարին, եւ հույս հայտնեց, որ այս այցելությունը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: Նախարար Նատալեգավայի խոսքերով՝ Հայաստանի եւ Ինդոնեզիայի փոխգործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, եւ այս այցելությունը լավ հնարավորությունն է ընձեռում քննարկելու այդ ներուժի բացահայտման եւ օգտագործման ուղիները, ինչպես նաեւ ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Ջակարտա այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ հոբելյանական տարում եւ կարեւորեց Ինդոնեզիայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը նախարարի բնորոշմամբ իր այցելության գլխավոր նպատակն է:

«Շարմ էլ-Շեյխում ուղիղ երեք ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանը մենք պայմանավորվեցինք գործնական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու եւ խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր, ի պատասխան Ձեր հրավերին, ես գտնվում եմ Ջակարտայում հենց այդ նպատակով: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավ-Արեւելյան Ասիայում կարեւոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք եւ որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը:

Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ նախարար Նատալեգավան շեշտեց, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավական դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին:

Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկեցին Հայաստանի եւ Ինդոնեզիայի Առեւտրի պալատների համագործակցության հնարավորությունը:

Մշակութային փոխանակումները խթանելու նպատակով հայկական կողմի առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց մշակութային բնագավառում համագործակցության վերաբերյալ այդ բնագավառում համագործակցության համաձայնագրի մշակման եւ կնքման մասին:

Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորան գործընթացի վերջին զարգացումները: Նախարաները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:

Ինդոնեզիայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները հարավ-արեւելյան Ասիայի տարածաշրջանում, ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաեւ միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ: Մարտի Նատալեգավան տեղեկացրեց Ջակարտայում տեղակայված ԱՍԵԱՆ-ի՝ տարածաշրջանում աճող դերակատարության, այդ կառույցի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների մասին:

Հայաստանի արտգործնախարարն իր ինդոնեզացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան:

Հայաստանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին»:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Ինդոնեզիայի էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ինդոնեզական առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մուհամադ Հատա Ռայասային կարեւորեցին Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել հայ-ինդոնեզիական համատեղ համաձնաժողով:

Երեկոյան, ավարտելով այցելությունը Ջակարտա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Օքլենդ, որտեղ օգոստոսի 9-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ: