Անչափահաս աղջիկը նորածնին տասներորդ հարկից ցած է նետել: Երեխայի հայրը բանակ է գնացել, իսկ աղջիկը, վախենալով ծնողների զայրույթից, ազատվել է երեխայից:
Ողբերգությունը կատարվել է բազմահարկ էլիտար շենքում: Շենքի առաջին հարկում տեղակայված բազմաթիվ գրասենյակներից մեկի աշխատակիցը տեսել է ահասարսուռ պատկերը եւ զանգահարել ոստիկանություն:
Տաք հետքերով ձերբակալվել է Ալյոնա Լոսկուտովան, որը ծնողների հետ նույն տանն է ապրում:
Հարցաքննության ժամանակ աղջիկը պատմել է, որ օգոստոսի 8-ի առավոտվա ժամը մոտ 4-ի սահմաններում ծնողներից գաղտնի` իր սենյակում աղջիկ է ունեցել, որը կյանքի նշաններ ցույց չի տվել: Շուտով բնակարան է մտել մայրը: Աղջիկը, վախենալով կշտամբանքներից, երեխայի մարմինը պատուհանից ցած է նետել:
Ալյոնայի ընկերները հստակեցրել են պտղի մահանալու պատճառները: «Նա ոչ աշխատանքային օրերին անպայման ակումբներ «տժժալու» էր գնում, չէր հրաժարվում ալկոհոլից»,-պատմել է 17-ամյա Գրիգորին, գրում է NEWSru.com-ը:
Ըստ վարկածներից մեկի` երեխայից ազատվելու մտքերը Ալյոնա Լոսկուտովային տանջում էին նախքան ծննդաբերությունը: Սաշա անունով տղան` երեխայի հայրը, բանակ է գնացել: Զույգը դադարեցրել է շփումները, թեեւ Ալյոնան ծանր էր տանում բաժանումը:
«Նա փորձել է վիժել դեղերի եւ ալկոհոլի միջոցով, հիվանդանոց գնալուց հրաժարվել է, -պատմում են ընկերները: - Նա չէր ուզում միայնակ մոր կարգավիճակով երեխա ունենալ»:
Քննիչներն սկսել են դատաբժշկական եւ հոգեբանական փորձաքննություն` կատարվածի հանգամանքները ճշտելու համար: Ալյոնա Լոսկուտովան հոսպիտալացվել է հետծննդաբերական արյունահոսությամբ:




























