Հնդկաստանը օգոստոսի 9-ին հաջողությամբ փորձարկել է միջին հեռավորության բալիստիկական «Ագնի-2» հրթիռը, որն ընդունակ է միջուկային մարտալիցք կրելու:
Հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08.45-ին` Բենգալյան ծոցի Ուիլեր կղզու ռազմահարթակից, ավելի քան 2 հազար կմ հեռավորությունից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Ագնի-2»-ն առաջին անգամ արձակվել էր 1999թ., դրանից հետո հաջող փորձարկումների շարք էր անցկացվել:
«Ագնի-2»-ը երկմակարդակ, պինդ վառելիքային հրթիռ է`մոտ 19 մ երկարությամբ: Առավելագույն հեռավորությունը կազմում է մինչեւ 2500 կմ` գլխամասային անջատվող մինչեւ 1000 կգ զանգվածի պարագայում:
«Ագնի-1» առաջին հրթիռի փորձարկումները տեղի են ունեցել մեկ ամիս առաջ, դրանք Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սպառազինության մրցավազքի շարունակությունը դարձան: Հունիսին իսլամական պետությունն անցկացրեց «Հաթֆ -7 Բաբուր» հրթիռի փորձարկումը, որը նույն հզորության է, ինչ «Ագնի-1»-ը: Երկու հրթիռներ էլ ընդունակ են թիրախը ոչնչացնել մինչեւ 700 կմ հեռավորությունից:




























