Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ բանակցությունների փակուղու ֆոնին Մոսկվան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Երեւանի հետ: Այդ մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում կայացած հանդիպումը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

«Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ բանակցություններն առայժմ ոչնչի չեն հանգեցնում, իսկ վերջերս լուր տարածվեց, որ Ադրբեջանը նմանատիպ կայան ցանկանում է հիմնել Արեւմուտքի հետ»,- նշեց Կ. Բեքարյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, կողմերը քննարկել են գործընկերության հնարավորությունները ռազմաարդյունաբերական  համալիրում եւ կադրերի նախապատրաստումը: Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարացնելու  մասին արձանագրությունը համալրվեց նոր դրույթներով, այն է` դրա գործառույթների ընդլայնում Հայաստանի համար սպառնալիքի դեպքում: 

«Դրանից հետո հազիվ թե պետք է Սարգսյանի եւ Պուտինի հանդիպման օրակարգում թղթե վագրեր որոնել:  Մենք պետք է սովորենք սեւ ու սպիտակի արանքում պատեպատ չխփվել եւ հասկանանք, որ կարելի է լավ հարաբերություններ ունենալ արեւմտյան երկրների հետ, որոնք չեն խանգարի Ռուսաստանի հետ ռազմավարական միությանը»,– նշեց Բեքարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի