Հայաստանի կառավարությունը մտադիր է վերանայել ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը: Ինչպես կառավարության օգոստոսի 9-ի նիստում հաղորդեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի եզդիական համայնքը նամակ է ուղարկել կառավարություն` խնդրելով տարիքային շեմը նվազեցնել 16-ի:

«Ինձ զեկուցեցին, որ Ռուսաստանում թույլատրվում է ամուսնանալ 14 տարեկանից, եւ օրենսդրական սահմանափակումներ չկան: Անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ եւս առողջապահության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ քննարկել այս հարցը: Հարկավոր է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ եթե այդ տարիքում ամուսնանում են, ուրեմն մենք խաթարում ենք այդ մարդկանց բնական կենսակերպը», - ասել է Տ. Սարգսյանը:

Նշենք, որ հուլիսի 12-ի նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել աղջիկների եւ տղաների համար ամուսնության նվազագույն տարիքային շեմը  18 տարեկանը սահմանելու նախագծին: