Մոլդովայում մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով 10 մարդ զոհվել եւ 40-ը հոսպիտալացվել է, որոնցից 10-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժին: Վթարը տեղի է ունեցել Մորեննի-Նոյ-Ունգենի մայրուղու վրա:
Ներկայումս Ունգենիի հիվանդանոցի բոլոր բժիշկները ներգրավված են տուժածներին փրկելու եւ օգնություն ցուցաբերելու գործում: Բացի այդ, Քիշնեւից ժամանել են մասնագետների խմբեր, քանի որ մարզային հիվանդանոցի մասնագետները իրենց ուժերով չեն կարողացել հաղթահարել դժվարությունները:
Վթարի մասին տեղեկատվություն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված շտապ օգնության երկու մեքենա: Բացի այդ հանրապետական հիվանդանոցի վիրահատարանները պատրաստ վիճակի են բերվել` ամենածանր վիրավորներին ընդունելու համար, փոխանցում է Ռիա Նովոստին:
Մահացածների թվում է նաեւ Մորենի-Նոյ գյուղի գյուղապետ Իվան Մարդարը եւ նրա կինը, իսկ նրանց դուստրը գտնվում է ծանր վիճակում:
Այժմ քննվում են վթարի հանգամանքները, որի արդյունքում ավտոբուսը շրջվել է: Ոստիկանները չեն բացառում, որ վթարի պատճառ կարող էր հանդիսանալ ընթացքի ժամանակ վարորդի հետ տեղի ունեցած սրտի կաթվածը: Վարորդը նույնպես մահացել է:




























