Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտի եւ տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ եւ հենակետեր:

Այնուհետեւ Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարեւելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ:

Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ սահմանամերձ Չինարի եւ Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող եւ մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցի աշակերտները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում նրանք կարեւորել են ուժեղ պետության, ուժեղ բանակի եւ ուժեղ զինվորի դերն ու նշանակությունն ու շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար: