Ստավրոպոլի նահանգապետ Վալերի Զերենկովը հեռակա վիճաբանություն է սկսել կուբանցի գործընկեր Ալեքսանդր Տկաչյովի հետ, որն ավելի վաղ Ստավրոպոլն անվանել էր Կրասնոդարի եւ Կովկասի միջեւ զտիչ եւ հավելել, որ սեպտեմբերի 1-ից ստեղծվելիք կազակական դրուժինաների օգնությամբ հարկավոր է կանխել կովկասցիների մուտքը Կուբան:
«Ես ավտոմոբիլիստ եմ, գիտեմ` ինչ է նշանակում զտիչը, այն պահեստային մաս է: Մենք (Ստավրոպոլի երկրամասը) երբեք ոչ ոքի համար չենք եղել եւ երբեւէ չենք լինի պահեստային մաս: Ես ոչ մի նահանգապետի խորհուրդ չեմ տա այսուհետ դատողություններ անել` զտի՞չ ենք մենք, թե՞ ոչ», -ասել է Զերենկովը պաշտոնավարման 100 օրվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում: «Ես այնպես հասկացա, որ մենք զտել ենք, իսկ իրենք (Կրասնոդարի երկրամասը) մաքուր են մնացել»,- ասել է նա:
Ստավրոպոլի ղեկավարը նաեւ չի համաձայնել Տկաչյովի այն մտքին, որ հարկ է «ճզմել» եկվորներին. «Մենք ոչ ոքի չենք ճզմի, մենք կաշխատենք բոլորի հետ: Եկել ես, լավ, բայց մի խախտիր տարիներով սահմանված կարգը», -Զերենկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
«Իսկ կազակները կօգնեն Ստավրոպոլում կարգը պահպանել,- նշել է Զերենկովը: - Բայց երկրամասում բոլորը հավասար պայմաններում պետք է լինեն, քանի որ մեկ երկրի բնակիչներ են»,- ընդգծել է նահանգապետը:




























