Ներգաղթյալներից պետք չէ վախենալ, այլ պետք է կառավարել նրանց: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջին կես տարվա ընթացքում Ռուսաստան են ժամանել 8 միլիոն ներգաղթյալ:

Նա նկատել է, որ ռուսները նույնպես մեկնում են օտար երկրներ: «Ցավոք նրանք  բարձրագույն կրթությամբ եւ մասնագիտական բարձր որակավորմամբ մարդիկ են»,-ավելացրել է Մեդվեդեւը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստան են ժամանում ցածր կարգավիճակ ունեցող մարդիկ, ովքեր մեծամասամբ չեն տիրապետում ռուսաց լեզվին, ծանոթ չեն օրենքների ու մշակույթին: «Արտասահմանցի մասնագետներ հրավիրելու դեպքում պետք է շեշտը դնել  սակավ հանդիպող մասնագիտությունների վրա, բայց ոչ երբեք մեր մարդկանց  եւ աշխատատեղերի հաշվին»,-համարում է Մեդվեդեւը:

Բացի այդ, պետք է բացառել ներգաղթյալների կողմից ագրեսիայի դրսեւորումները` այդ թվում օտարերկյա քաղաքացիների կողմից անկլավների ձեւավորումը, ընդգծել է կառավարության ղեկավարը, փոխանցում է «Վեստի»ru»-ն:

«Մեր առանցքային խնդիրը` քաղաքակիրթ եւ հավասարակշռված աշխատաշուկա  ստեղծելն ու  մեր տնտեսությունը որակավորված աշխատուժով ապահովելն է: Միգրացիան շարունակական բնույթ ունի, նրանից պետք չէ վախենալ, այլ պետք է կառավարել այն: Բայց պետք է բացառել բացասական  դրսեւորումների բոլոր դեպքերը, այդ թվում օտարերկյա քաղաքացիներից կազմված անկլավների ձեւավորումները»,-բացատրել է Դ.Մեդվեդեւը:

«Ռուսական օրենսդրությունը դեռեւս ամբողջովին չի համապատասխանում  այս խնդիրներին եւ տեղի ունեցող  փոփոխություններին»,-ավելացրել է Մեդվեդեւը.« Մենք պետք է արմատապես փոխենք միգրացիոն գործընթացների կառավարումը»,-ընդգծել է նա: