Վերաբաշխում կատարելով ՀՀ 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի են առնվել վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը եւ առողջության պահպանման եւ վերականգնման կարեւորությունը։ «Մեր վետերաններին պետության միջոցների հաշվին ամառային հանգստի ուղարկելը դարձել է գեղեցիկ ավանդույթ», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սոցիալական ոլորտին առնչվող եւս երկու որոշումներից առաջինով սահմանվել է, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու գործերը երեք տարվա փոխարեն կպահպանվեն հինգ տարի, կհստակեցվեն օրենսդրության մեջ կիրառվող տերմինները, երկրորդով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման եւ գործարկման համար անհրաժեշտ գումարը։




























