Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 8-ի դրությամբ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 2 թեկնածու:
ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Միսակի Բալասանյանը, ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Կորյունի Սիմոնյանը:
Արթիկ քաղաքում դեռ ոչ ոք չի առաջադրվել:
Նշենք, որ Գյումրիում ձեւավորված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Շիրակ կենտրոն»- ՀԿ նախագահ` Վահան Թումասյանը անցած օրը` երեկոյան թիվ 34 ընտրածքային ընտրական հանձնաժողովին հանձնեց Գյումրու Ավագանու անդամության թեկնածուի ինքնառաջադրման պահանջվող փաստաթղթեր: Նախաձեռնության մյուս անդամները իրենից ինքնառաջադրման փաստաթղթերը հանձնաժողովին կներկայացնեն առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը`վաղը առավոտյան:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն է:




























