«Արտերկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են», – պնդում է բրիտանական Economist հանդեսը:
Հեղինակավոր պարբերականի վերլուծական բաժնի մասնագետները նշում են, որ արտերկրում աշխատող հայաստանցիների` հայրենիք ուղարկած գումարների ծավալի աճը 2011 թվականի հունվարից անշեղորեն նվազում է եւ այս տարվա ապրիլին հասել է 2 տոկոս ցուցանիշի:
Economist-ի վերլուծաբանները արձանագրում են, որ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է, եւ աճի տեմպերի նվազման այս միտումը նախեւառաջ ռուսական տնտեսությունում առկա անկայունության արդյունք է:
Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային անկումը հնարավոր եղավ հաղթահարել 2010-ի սկզբին: «Ողջ 2010 թվականի ընթացքում Հայաստան եկող գումարների ծավալն աճում էր, մոտ մեկ տարի առաջ, սակայն, այս դինամիկան սկսեց դանդաղել», – նշում են Economist-ի վերլուծաբանները:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ուշագրավ է, որ բրիտանացի մասնագետների այս զեկույցը հրապարակվեց նույն օրը, երբ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Ռուսաստանից Հայաստան ուղարկվող զգալի գումարների եւ դրանց` Հայաստանի տնտեսության վրա ունեցած բարերար ազդեցության մասին:




























