Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ԵՄ-ում քաղաքական խոշոր փոփոխություններ է կանխատեսել` պայմանավորված եվրագոտու ճգնաժամով:
Նա մտահոգություն է հայտնել, որ եթե Բրյուսելին չափից շատ լիազորություններ տրվի, Մեծ Բրիտանիայում հանրաքվեն կարող է ավարտվել Եվրամիությունից դուրս գալու որոշմամբ:
«Հավասարակշռություն է հարկավոր Եվրոպայի կառույցների եւ ազգային պետությունների միջեւ, այլապես քաղաքական ճգնաժամն անխուսափելի կլինի», – ասել է նա Die Zeit-ի հետ հարցազրույցում, գրում է Slon.ru-ն:
Հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների միայն 35%-ն է ԵՄ-ին անդամակցելը երկրի համար բարենպաստ համարում` կարծելով, որ հակառակ պարագայում երկիրը կկորցնի ազդեցիկությունը, կկորցնի առեւտրային խոշորագույն գործընկերոջը, իսկ տնտեսությունը նախկինի պես կմնա Բրյուսելի ազդեցության տակ:
Նրանք, ովքեր դեմ են, կարծում են, որ ԵՄ-ից դուրս գալը Լոնդոնին կօգնի վերականգնել ինքնուրույնությունը` խնայելով միլիարդներ:




























