Վանաձորի «Քիմպրոմը» ազոտական եւ կալիումական պարարտանյութ է արտադրելու։ Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը՝ նշելով, որ «Քիմպրոմ» գործարանը պատրաստակամություն է հայտնել վերականգնելու իր նախկին արտադրությունը։

Նրա խոսքով` Գյուղատնտեսության, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններն աջակցելու են գործարանին` արտադրությունը կազմակերպելու,  Հայաստանում վճարունակ պահանջարկը որոշելու,  արտադրանքը լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար, ինչպես նաեւ ապահովելու խորհրդատվական համապատասխան ընթացքը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը մասնագետների հետ հարցազրույցներում պարզել էր, որ հայրենական արտադրությունը ամբողջովին ի վիճակի է Հայաստանի գյուղատնտեսությանն ապահովել ազոտական պարարտանյութով՝ ամոնիումի նիտրատով։ Այս մասին նշել էր գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ագրարային համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը՝ հավելելով, որ Վանաձորի քիմիական գործարանը ԽՍՀՄ տարիներին ապահովում էր Հայաստանի համար անհրաժեշտ քանակության ամոնիումի նիտրատը։

Փորձագետը տեղեկացրել էր նաեւ, որ Վրաստանից ներկրվող սիլիտրան անորակ է՝ չի համապատասխանում միջազգային ստանդարտին, որովհետեւ անհրաժեշտ 30-33 տոկոս ազոտի փոխարեն պարունակում է 20-25 տոկոս ազոտ։