Հայաստանի կառավարությունը վերջնական եզրահանգման չի կարողանում գալ անուսնացողների տարիքային ցենզի հարցում: Գործող օրենսդրության համաձայն` տղաները կարող են ամուսնանալ 18 –ից, աղջիկները` 17 տարեկանից ոչ շուտ:
Հուլիսի 12-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց թե տղաների, թե աղջիկների համար ամուսնության տարիքը 18 տարեկանը սահմանելու մասին նախագիծը: Սակայն օգոստոսի 9-ի նիստում կառավարությունը կրկին անդրադարձավ թեմային: Պարզվում է, գործադիրը մտադիր է վերանայել իր նախորդ որոշումը: Առիթը եզդիական համայնքի դժգոհությունն է եւ ամուսնության համար տարիքային ցենզը 16 տարեկանը սահմանելու պահանջը:
Ամուսնանալ կարելի է, իհարկե, նաեւ 16 տարեկանում, սակայն ինչպես վարվել աշխարհիկ պետության օրենքների հետ: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օերնսգրքի, Հայաստանում մարդը չափահաս է համարվում 18 տարեկանում: Հենց այդ տարիքից է անձը նաեւ քվեարկելու իրավունք ստանում, ինչպես նաեւ զորակոչվում բանակ:
Ամուսնության ինստիտուտի նկատմամբ չգիտես ինչու ավելի քամահրական վերաբերմունք կա: Ստացվում է, որ պատգամավոր, նախագահ ընտրելու համար մարդը պետք է «հասունանա» մինչեւ 18 տարեկան, իսկ կյանքի ընկերոջը կարող է ընտրել 16-ամյա երեխան:
Միաժամանակ, որոշ տվյալներով, Հայաստանում ամեն տարի ավելանում է ամուսնալուծությունների թիվը եւ աճում է ամուսնացողների տարքիային «շեմը»: Փորձագետների կարծիքով` հիմնական պատճառը երիտասարդ ընտանիքների առջեւ ծառացող սոցիալական դժվարություններն են: Ցենցի նվազեցումը հազիվ թե օգնի նման խնդիրների լուծմանը:




























