Հալեպում գիշերային մարտերից հայկական թաղամասը չի տուժել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը, ով նշեց, նաեւ, որ մարտերը հիմնականում տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում եւ հարավարեւմտյան թաղամասում՝ Սահալահ էդ Դինում։
«Հայկական թաղամասը ապահովված է ջրով եւ պարենով։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կազմակերպել է պարենի ապահովումը հայկական թաղամասերում։ Թաղամասի հիվանդանոցում անհրաժեշտ դեղորայք եւս կա»,- ասաց աղբյուրը։
Հարցին, թե Հալեպի ականապատված փողոցներում հնարավոր է մեքենա վարել, զրուցակիցը պատասխանեց, որ քաղաքում քաղաքացիական անձինք մեքենա գրեթե չեն վարում, որովհետեւ մոտ 20 օր է, որ քաղաքում մեքենայի վառելիք չկա։
Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 9-ին Դամասկոս-Երեւան չվերթով Հայաստան է գալու սիրիահայ 130 երեխա, իսկ երկուշաբթի նույն քանակությամբ երեխաներ Հայաստան են գալու արդեն Հալեպից։




























