Օվկիանիայում՝ Տոնգայի ափերի մոտ 19-րդ դարում խորտակված ծովահենների նավ են գտել։ Լենտա.ru-ի փոխանցմամբ՝ խորտակված առագաստանավը հայտնաբերել է տոնգացի դայվեր Տեւիտա Մոալան, նրանից բացի նավը տեսել է նաեւ մերձակա հանգստավայրի սեփականատեր Դերեն Ռայսը։
Տոնգայի կառավարության աշխատակից Սանդրա Ֆիֆիտան հայտարարել է, որ գտածոն ամենայն հավանականությամբ բրիտանացի ծովահենների կողմից առեւանգված «Պորտ-օ-Պրենս» նավն է, որը խորտակվել է 1806թ.-ին։ Ըստ ամենայնի՝ նավում պետք է մեծ քանակությամբ գանձեր լինեն, այդ թվում պղնձե եւ արձաթե սպասք, ոսկյա եւ ոսկեջրած խաչեր, մոմակալներ, սկիհներ ու գավաթներ։
Նշենք, որ պատմական տեղեկությունների համաձայն, բրիտանացի կորսարները «Պորտ-օ-Պրենս»-ն առեւանգել են 19-րդ դարի սկզբին։ Երկու տարի շարունակ ծովահենները «Պորտ-օ-Պրենս»-ով Պերուի իսպանացի գաղութարարների ահ ու սարսափն են եղել. գրավել ու թալանել են գյուղեր ու նավեր, որից հետո հարուստ ավարով ուղղություն են վերցրել դեպի Օվկիանիա։ Տոնգայի ափերի մոտ ծովահեններին սպասել է անփառունակ վախճան։ Տոնգայի բնակիչները հարձակվել են ծովահենների վրա մեծ մասին սպանել, թալանել նավը։
Ի միջիայլոց նավից վերցրել են իրենց համար ամենարժեքավոր՝ պողպատյա եւ երկաթե իրերը, իսկ «ծովերի մարգարիտ» առագաստանավը սպիտակ մարդկանց գանձերի հետ միասին ուղարկել են դեպի ծովի հատակը։




























