Մինչեւ 2016 թվականն աշխարհում զենքի, այդ թվում նաեւ ռուսական, ամենախոշոր ներկրողը կմնա Հնդկաստանը: Այդ մասին հայտարարել է համաշխարհային զենքի առեւտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն:
Ըստ նրա` 2012 թվականին Հնդկաստանում զենքի ներկրման ծավալը կազմել է 6,9 միլիարդ դոլար կամ 9,83%: Ընդ որում 5 միլիարդ դոլարի զենք կմատակարարի Ռուսաստանը:
«Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում զենքի ներկրման ծավալը կկազմի 38,25 միլիարդ դոլար, որոնցից 14,3 միլիարդ դոլարը կհասնի Ռուսաստանին: Հնդկաստանից հետո 2012-2015 թթ. երկրորդ եւ երրորդ տեղերում են Սաուդյան Արաբիան եւ Արաբական միացյալ էմիրությունները` 29,57 եւ 16,4 միլիարդ դոլար համապատասխանաբար», - մանրամասնել է Կորոտչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա` այդ երկրները դուրս են մղել ԱՄՆ-ին եւ Ավստրալիային, որոնք զբաղեցնում էին երկրորդ եւ երրորդ տեղերը 2008-2011թթ.: Ընդ որում, ԱՄՆ-ն մնում է զենքի համաշխարհային ամենախոշոր արտահանողը` ամեն տարի ավելի քան 30 միլիարդ դոլարի զենք մատակարարելով այլ երկրների:




























