Հայաստանի 44-ամյա քաղաքացի Մհեր Բաղդասարովը Մոսկվայի տան պատուհանից կրակ է բացել խաղահրապարակի վրա, որտեղ երեխաներ էին զբոսնում: Նա կրակել է 12 տրամաչափի որսորդական «Վեպր» հրացանից`արճիճե փամփուշտներով:
Ինչպես հայտնում է «ՄԿ»-ն,ոստիկանության բաժանմունք են վազել բակի միանգամից 12 վախեցած բնակիչներ, որոնք ոստիկանությունում հայտարարություն են գրել` պահանջելով պատժել հրաձիգին:
Կրակոցները տեղի են ունեցել օգոստոսի 4-ին` ժամը18.00-ին` Լենինյան պողոտայի 89-րդ տանը: Հարբած Բաղդասարովը կրակել է մանկական խաղահրապարակի մարդկանց վրա:
Ձերբակալության ժամանակ Բաղդասարովը հրաժարվել է բացել բնակարանի դուռը: Իսկ երբ սթափվել եւ բացել է, հայտարարել է, որ երեխաներն իրենց աղմուկով խանգարել են իրեն: Ոստիկանները պարզել են, որ ավելի վաղ եւս հայը մոսկովյան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել: Սակայն այն ժամանակ տուժածները գերադասել են փող վերցնել Բաղդասարովից:
Այժմ Բաղդասարովի զենքն առգրավված է, իսկ նրան կդատեն «զենքի կիրառմամբ գործած խուլիգանություն» հոդվածով: Այդ հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:




























