Ռուսաստանցի երգչուհի Վալերիան դատարան է դիմել Մոսկվայի պլաստիկ վիրաբուժության կենտրոններից մեկ դեմ, եւ 30 միլիոն ռուբլի փոխհատուցում է պահանջել՝ գովազդում իր լուսանկարները անօրինական օգտագործելու համար։ Այս մասին РАПСИ գործակալությանը հայտնել է Վալերիայի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Փաստաբանի խոսքով՝ երգչուհուն եւ պլաստիկ վիրաբույժների վեճն տեւում է արդեն մի քանի տարի։ Ժորինը նշել է, որ կենտրոնը Վալերիայի լուսանկարները գովազդային նպատակով ապօրինի օգտագործելով, մի քանի տարի շարունակ գումար է աշխատել։ Լուսանկարները տեղադրված են եղել կլինիկայի ներսում ստենդերի վրա եւ բուժկենտրոնի պաշտոնական կայքում։ Այսպսով կենտրոնը հաճախորդներին ապատեղեկացրել է, թե իբր Վալերիան նրանց հաճախորդն է։

Փաստաբանը նշել է, որ 3 տարի շարունակ փորձել է կլինիկայի հետ «լեզու գտնել», որպեսզի նրանք հանեն ստենդները եւ փոխեն կայքի վրայի նկարը, սակայն պլաստիկ բժշկության կենտրոնը մնացել է անհողդողդ։ Ի վերջո երգչուհու «համբերության բաժակը լցվել է»։

Փաստաբանը հայտարարել է, որ դատարանում հաղթելու դեպքում բռնագանձված 30 մլն ռուբլին երգչուհին մտադիր է տրամադրել կլինիկայի գործունեությունից տուժածների ռեաբիլիտացիայի համար։