Հայաստանում մինչեւ սեպտեմբերի 6-ը ալյուրի գինը չի բարձրանա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ալյուր արտադրող «Մանչո գրուփ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը՝ ավելացնելով, որ նման համաձայնության են եկել ցորենի առքով ու ալյուրի արտադրությամբ զբաղվող հայաստանցի գործարարները։

«Ռուսաստանում եւ Ուկրաինայում ցորենն անընդհատ թանկանում է, սակայն մենք չենք ցանկանում ալյուրը թանկացնել, որովհետեւ այն սոցիալական մեծ նշանակություն ունի։ Այդ պատճառով որոշել ենք համբերել որոշ ժամանակ»,- մանրամասնեց Մոսոյանը։ Նրա խոսքով՝ հացի թանկացումը հնարավոր է պայմանավորված լինի այն հանգամանքով, որ հացի արտադրամասերը գինը պահպանելու համար, նվազեցնում էին հացի զանգվածը։ Այժմ, ամենայն հավանականությամբ, զանգվածը ճիշտ են կշռում, բայց ավելացնում են նաեւ գինը։

Ցորենի առեւտրով զբաղվող մեկ այլ ընկերության՝ «Մանանա գրեյնի» տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ վերջին ժամանակահատվածում ընկերությունը չի փոփոխել ալյուրի բացթողնման գները։

Լավաշի արտադրությամբ մասնագիտացված «Սուրիկի Լավաշ» ընկերությունում հավաստիացրին, որ գները փոփոխության չեն ենթարկել, եւ չեն էլ նախապատրաստվում։ Երեւանի մերձակայքում գործող հացի 3 մեծ գործարաններում կամ չպատասխանեցին հեռախոսազանգերին, կամ հրաժարվեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

«Սթար» սուպերմարկետների ցանցում NEWS.am-ին տեղեկացրին, որ ալյուրի գինը 8 տոկոսով ավելացել է, եւ ըստ շրջանառվող լուրերի էլի պետք է բարձրանա։ «Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի որքան հնարավոր է ավելի ուշ թանկացնենք հացը։ Սթարի արտադրամասերում արտադրվող հացը դեռ չի թանկանա, սակայն «Սթարի» ցանցում վաճառվող այլ ընկերությունների արտադրած հացի գնի մասին դժվարանում ենք որեւէ պատասխան տալ»,- նշեցին ընկերությունում։

Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, հանրապետության մի շարք խանութներում հացի գինը թանկացել է մոտ 20 դրամով։