«Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի կառույցի ղեկավար  Մելիք Ռաիսյանին դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Բացի այդ նա ստիպված կլինի պետական գանձարան վճարել 10 հազար լարի, այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը մեղադրվում է խաբեության մեջ: Տարածված լուրերի համաձայն, Ռաիսյանը քաղաքացուց 38 հազար լարիի չափով գումար է շորթել: Դատական նիստի ժամանակ կողմերը հանդես են եկել եզրափակիչ խոսքով:

Իրավապահների տեղեկությամբ` Ռաիսյանը ոմն Մատարաձեի առաջարկել է իր պաշտպանությունն ու օգնությունը հարկերը թաքցնելու համար, ինչի դիմաց պահանջել է 38 հազար լարիի:

Ինչպես հայտնել է փաստաբան Թեյմուրազ Քութիվաձեն, Ռաիսյանին վերագրվող արարքն ապացուցող փաստեր չկան: Փաստաբանը վստահեցնում է, որ Ռաիսյանը ոչ մեկին նման բան չի խոստացել:

Իսկ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստանի» նախագահ Մանանա Կոբախիձեն կարծում է, որ Ռաիսյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նրա խոսքով, հիշատակված դեպքը տեղի է ունեցել 2007 թ-ին, թեեւ Ռաիսյանը կասկածյալ է հայտարարվել ավելի ուշ` այն բանից հետո, երբ նա խոստացել է աջակցել Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր կոալիցիային:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշինքի  հեռակա կարգով դատապարտված ներկայացուցիչը Վրաստանի տարածքում չի գտնվում: Մելիք Ռաիսյանը եղել է խորհրդարանական երեք գումարումների պատգամավոր: