Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հերքեց երկու առաջնորդների լարված հարաբերությունների մասին կարծիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Այդ ասեկոսեները ոգեշնչվում էին այն հանգամանքով, որ Սարգսյանն ավելի հաճախ էր հանդիպում Մեդվեդեւի, քան Պուտինի հետ: Սակայն դա արարողակարգային խնդիր էր եւ ոչ ավելին: Եւ երկու երկների ղեկավարների միջեւ զրույցն այնպես էր, կարծես թե նրանք երեկ էին բաժանվել»,-նշեց Զատուլինը:
Օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած երկու երկրների նախագահների հանդիպումը Զատուլինը չափազանց հագեցած համարեց: Թեեւ այցը պաշտոնական չէր, սակայն բանակցությունների մի քանի ժամվա ընթացքում երկու երկրների կառավարությունների եւ նախարարությունների համար որոշվեց եւ նախանշվեց հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, որոշվում է հայ-ռուսական գործակցության մեխանիզմի կարգավիճակի բարձրացման հարցը: «Հիմա խոսքն այն մասին է, որ միջկառավարական հանձնաժողովը կամ այն կառույցը, որը դրան կփոխարինի, ղեկավարվի երկու երկրների նախագահների կողմից»,-նկատեց Կ. Զատուլինը:
Նա նաեւ նշեց Հայաստանում սեպտեմբերին նախատեսված ՀԱՊԿ մանյովրներին Պուտինի մասնակցության գաղափարը: «Սա, ըստ իս, շատ կարեւոր է: Միջազգային նորությունների կենտրոնում Սիրիան է, եւ քչերն են կասկածում, որ Սիրիայից հետո իրավիճակի ապակայունացման փորձ կարվի Իրանում: Հայաստանն այս հարցում խաղաղասիրական դիրքորոշում ունի, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը տրվել է հակաիրանական խմբում ընդգրկվելու գաղթակղությանը»,-նշեց Զատուլինը:
Նրա խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի սերտացումը չպետք է որեւէ կասկած առաջացնի, ինչպես Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ հարաբերությունները: «Նույն կերպ ոչ մեկի մեջ չպետք է կասկած առաջացնի այն, որ Ռուսաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ»,-հայտարարեց Կ. Զատուլինը: Նրա խոսքով` դա պակաս կարեւոր չէ եւ Ռուսաստանի ներքին քաղաքականության համար: «Մեզանում միշտ չէ, որ ընկալում կա Ռուսաստանի անցյալում հայերի դերի մասին: Քսենոֆոբիայի դրսեւորման ցանկացած փորձ պետք է բացառվի: Իրենց հանդիպումով նախագահները երկու պետությունների հարաբերությունների բարձր մակարդակ ցույց տվեցին, եւ այդ ազդակը պետք է հասնի նաեւ դաշնության առանձին սուբյեկտների հիերարխիային` անզգույշ հայտարարություններ թույլ չտալու համար»,-ավելացրեց Զատուլինը:




























