Հայաստանի համար գազի գնի որոշման դեպքում հաշվի կառնվեն նրա առանձնահատուկ փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` մեկնաբանելով օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը:

«Գների հարցը չի կարող ամբողջությամբ լուծվել մեկ հանդիպման շրջանակում, սակայն ակնհայտ է բանակցութունների արագացումը: Վերջերս ինձ հարցրեցին Հայաստանի համար գնաձեւավորման քաղաքական բնույթի մասին: Կարելի է ասել այսպես. գնի որոշման դեպքում հայ-ռուսական փոխհարաբերությունները հաշվի կառնվեն»,-նշեց Զատուլինը:

Խոսելով Հայաստանի եվրասիական ինտեգրման մասին, Կ. Զատուլինը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են համագործակցության մեխանիզմները անգամ Հայաստանի  ի սկզբանե ոչ շահավետ դիրքի` Եվրասիական միության հետ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում: «Կան երկրներ, օրինակ, Ուկրաինան, որի հետ ընդհանուր սահման կա, սակայն ինտեգրման համաձայնություն չկա: Հայաստանի հետ ամեն ինչ այլ է»,-նշեց պատգամավորը:

«Մյուս գաղափարներից համագործակցության օրակարգում ինձ հատկապես դուր է  գալիս հայ տիեզերագնացի թռիչքը տիեզերք: Դա տեխնիկապես բավականին առաջադիմական ծրագիր է, որն իրականացնում է «Ռոսկոսմոսը»,-ասաց Զատուլինը: