Հալեպում առեւանգված հայ երիտասարդի փոխանակումը պետք է տեղի ունենար օգոստոսի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 19։00-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի աղբյուրից, ով տեղեկացրեց, որ փոխանակման դրական արդյունքի մասին տեղեկություններ չունի։ «Այժմ քաղաքում լուրջ բախումներ են։ Կառավարական բանակը մարտեր է մղում ապստամբների հետ քաղաքի կենտրոնում՝ Հին քաղաքում։ Կապը թերի է աշխատում, գրեթե ընդհանրապես չկա։ Այս պահին բանակը փորձում է ապստամբերից գրավել Հալեպի բերդը, որ դեռ Տիգրան Մեծի ժամանակից կա»,- ասաց աղբյուրը՝ ընդգծելով, որ Հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։
Ըստ նրա՝ քաղաքի կենտրոնում են գտնվում գործարար եւ պետական կառույցները։ «Եթե բանակը գրավի քաղաքի կենտրոնը, Հալեպը կվերադառնա բնականոն կյանքի, կբացվեն խանութները, բանկը կգործի»,- ասաց աղբյուրը։
Առեւանգված հայ երիտասարդի առեւանգման մանրամասները պատմելիս՝ նա նշեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են Հալեպի մերձակայքից։ Երիտասարդը փորձել է գնալ Լիբանան, սակայն Հալեպի մոտակայքում նրան արդեն առեւանգել են։
«Այս երկու տարի է, սա սովորական երեւույթ է դարձել։ Ունեւոր ընտանիքների երեխաներին առեւանգում են, եւ փրկագին են պահանջում։ Չեմ կարող ասել ովքեր են։ Կարող է նույնիսկ խանութպանի աշխատողը լինի, խորհուրդ տա ընկերներին, որ եկենք առեւանգենք երիտասարդին, ու փող կորզենք գործատուիցս»,- ասաց նա՝ նշելով, որ մինչեւ անկարգությունները նման դեպքեր երբեք չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հալեպում առեւանգված Հովսեփ Բալմանուկյանի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջել։




























