Լիբիայում աշխատանքն է սկսել Համընդհանուր ազգային կոնգրեսը, որը ձեւավորվել էր հուլիսին` 60 տարվա մեջ առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Օգոստոսի 9-ին կոնգրեսի նիստին ընտրվել է նրա ղեկավարը:
Այդ պաշտոնն ստանձնել է «Լիբիայի փրկության ազգային ճակատի» 72-ամյա ղեկավար Մուհամեդ ալ Մաքրիֆը, որը Մուամար Քադաֆիի վարչակարգի ոխերիմ հակառակորդն էր:
Ալ Մաքրաֆը նախկին դիվանագետ է եւ 1980 թվականից աքսորված է եղել: Նա Լիբիայի փրկության ընդդիմադիր շարժման առաջնորդող անձանցից էր:
Կոնգրեսի հիմնական խնդիրը կդառնա երկրի կառավարումն անցումային ժամանակահատվածում, կառավարության ձեւավորումը եւ ընտրությունների մասին օրենքի ընդունումը նոր սահմանադրության նախապատրաստման հանձնաժողովում:




























