Իսրայելը Եգիպտոսին պաշտոնապես թույլատրել է հարվածային հինգ ուղղաթիռների խումբ ուղարկել Սինայի թերակղզում գրոհայինների դեմ պայքարի համար: Որոշումն ընդունվել է օգոստոսի 9-ին:
Եգիպտոսը Սինայում ռազմական գործողությունն սկսել է օգոստոսի 8-ին:
Իսրայելի հավանությունը ձեւական անհրաժեշտություն էր Եգիպտոսի համար, որը, 1979 թվականի Քեմփ Դեւիդյան համաձայնագրի համապատասխան, իրավունք չունի այնտեղ զորքեր տեղակայել առանց հարեւան պետության համաձայնության, հայտնում է Reuters-ը:
Սինայի թերակղզում իրադրությունը սրվել էր, երբ օգոստոսի 5-ին մի խումբ գրոհայիններ հարձակվել էին «Քարմ Աբու Սալեմ» սահմանային անցակետի վրա: Հարձակման ընթացքում սպանվել էին եգիպտացի 16 սահմանապահներ: Օգոստոսի 8-ին Եգիպտոսը մի շարք օդային հարվածներ է տեղացել Սինայի թերակղզու գրոհայինների վրա, որի արդյունքում սպանվել է 20 մարդ:




























