Ռուսաստանը թուրքական կողմին է փոխանցել Օպերատիվ համագործակցության` Սեւծովյան ռազմածովային խմբի (ՍՌԾԽ) ԲԼԵՔՍԻՖՈՐ փոխանցիկ հրամանատարությունը: Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Մարմարա ծովի Գյուլջուկ նավահանգիստում:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում ՌԴ-ի ռազմածովային կցորդ Միխայիլ Միտարյովը, հրամանատարության փոխանցումը տեղի է ունեցել փոխանցման հիմունքով եւ աշնանային ակտիվացման (մինչեւ օգոստոսի 24) շրջանակներում: Նրան մասնակցում են ԲԼԵՔՍԻՖՈՐ խմբին մասնակից բոլոր երկրների մարտական նավերը: Թուրքիա են ժամանել Սեւծովյան երկրների նավատորմերի հրամանատարները, այդ թվում Սեւծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Ալեքսանդր ֆեդոտենկովը:
Մինչեւ օգոստոսի 24-ը նախատեսվում է թուրքական Տրապիզոն, Նովոռոսիյսկի եւ մասնակից այլ երկրների նավահանգիստներում կայանել բոլոր նավերը: Նավերը կմասնակցեն փոխհամագործակցային գործողությունների պարապմունքներին` Սեւծովյան տարածաշրջանում հնարավոր վտանգների դեմ պայքարելու համար:
Զորավարժություններում դրոշակակիր նավ է նշանակված Թուրքիայի նավատորմի «Խեյբելիադա» նավը, որի վրա զորավարժությունների ժամանակ կտեղակայվի միավորման միջազգային շտաբը: Ռուսաստանը կմասնակցի սեւծովյան նավատորմի «Նովոչերկաս» դեսանտային նավով, որը թուրքական Գյուլջուկ նավահանգիստ է ժամանել օգոստոսի 6-ին:
ՍՌԾԽ ԲԼԵՔՍԻՖՈՐ-ը ստեղծվել է 2001 թ-ի ապրիլի 2-ին Ստամբուլում: Սեւծովյան երկրներ Բուլղարիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան պայմանավորվել են միջազգային նավային միավորում ստեղծել, որի նպատակն է հետագա համագործակցություն, բարիդրացիական հարաբերություններ ու փոխադարձ վստահություն ստեղծել Սեւ ծովի ափամերձ հարեւանների միջեւ:




























