Բաթումիում ամառային հանգստի մեկնած Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Նարեկ Լավչյանը օգոստոսի 10-ին, ժամը 04.30-05.00-ի սահմաններում, հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով, տուժողը հրազենային վնասվածքը ստացել է Բաթումիում աջ ուսագոտու հատվածում: Վիրավորի մոտ աջ ուսագոտու միջանցիկ հրազենային վնասվածք է: «Այնտեղ տեղում կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում եւ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ ուսումնասիրվել է հիվանդի ընդհանուր վիճակը, որը մասնագետները այդ պահին գնահատել են բավարար: Կատարվել է լայնածավալ վիրակապություն, մշակվել է վերքը: Աժմ հիվանդը նախապատրաստվում է բուժման 2 էտապով վիրահատության»,- մանրամասնեց Շուշան Հունանյանը:

Հարցին, թե վիրավորը չի պատմել, թե ինչի արդյունքում է հրազենային վնասվածքը ստացել, Շուշան Հունանյանը նշեց. «Ես բարձրացել եմ հիվանդի մոտ , սակայն որեւէ մեկի հետ խոսելու ցանկություն չհայտնեց»:

Իսկ NEWS.am-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից փոխանցեցին, որ դեպքի մասին իրենց  մոտ հաղորդում չի տրվել: Եւ, եթե դեպքը տեղի  է ունեցել Վրաստանում, իրենք չեն կարող գործին ընթացք տալ: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ եթե Վրաստանում դեպքի մասին հաղորդում ընդունված չլիներ, թույլ չէին տա, որ վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվեր Հայաստան: